close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Փոթորիկ մի բաժակ ջրում». ինչի՞ց են ոմանք այսքան հուզվել. «Փաստ»

Մամուլի տեսություն

5 Մարտի 2022, 11:01
 «Փոթորիկ մի բաժակ ջրում». ինչի՞ց են ոմանք այսքան հուզվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Պետական գնումները միշտ էլ հետաքրքրության առարկա են եղել, քանի որ պետական միջոցների արդյունավետ տնօրինումը հանրային վերահսկողության կարիք ունի։ Եվ ցանկացած պետության համար կարևոր է, որ քաղաքացիները հետևեն, որպեսզի իրենց վճարած հարկերը նպատակային ու թիրախային օգտագործվեն։ Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ կապված այն իրողության հետ, որ պետական համակարգի որոշակի հատվածի պահանջները բավարարելու նպատակով «Տոյոտա Երևան» ընկերության հետ մեքենաներ մատակարարելու պայմանագիր է կնքվել։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե աղմուկ բարձրացնելու որևէ պատճառ չկա, ամեն տարի պետական տարբեր օղակների հետ կապված բազմաթիվ գնումներ են կատարվում։ Բացի դրանից, առաջին անգամը չէ, որ պետական կարիքների համար մեքենաների գնում է կատարվում «Տոյոտա Երևան» ընկերությունից, առավել ևս, եթե հաշվի առնենք այդ մեքենաների բարձր որակը։ Բանն այն է, որ պետական նպատակների համար, ավելի կոնկրետ՝ ոստիկանության համար մեքենաներ ձեռք բերելու հարցում այս իշխանությունները նախընտրությունը տվել էին միանգամայն այլ մակնիշի մեքենաների՝ առանց կարևորելու դրանց տեխնիկական բնութագրերը, թե որքանով են որակով, ինչքանով կարող են դիմանալ ծանրաբեռնվածությանը Հայաստանի պայմաններում։ Ավելի պարզ ասած՝ իշխանությունները, իրենց սովորության համաձայն, գրեթե ամեն ինչ քաղաքականացնում են, նույնիսկ պետական գնումները։

Բանն այն է, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը, թեկուզ փոքր մասնաբաժնով, բայց կապվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անվան հետ: Դե, այս իշխանության համար ինչ կարևոր է մրցույթը, գին-որակ հարաբերակցությունը, էականը մեկն է՝ նեղ քաղաքական, նեղ անձնական մոտեցումները: Սակայն հարցն այն է, որ ձեռք բերված այդ մեքենաները, ինչպես նշում են ԶԼՄ-ները, իսկ պատկան մարմինները չեն հերքում, ցույց տվեցին, որ պետության համար լրացուցիչ բեռ են ստեղծում, և նրանց շահագործումը պետական միջոցների խնայման տեսանկյունից ուղղակի արդյունավետ չէ։ Այսինքն, պարզ ասած, այդ մեքենաներն այդքան էլ որակով չեն կամ գոնե հարմար չեն Հայաստանի պայմաններին։

Եվ փաստացի ստացվում է, որ այդ մեքենաների ձեռքբերումն ուղղակի աննպատակահարմար է, և իշխանությունները պարզապես փաստի առաջ են կանգնել։ Մենք ունենք տեղեկություններ, որ պետական համակարգի համապատասխան օղակներում հասկացել են, որ տուրք տալով վերևից եկող քաղաքական ամբիցիաներին՝ առաջին հերթին տուժել է իրենց կառույցի բնականոն աշխատանքը։ Թերևս դրանով է պայմանավորված, որ հաջորդ մրցույթի արդյունքում պայմանագիր է կնքվել արդեն «Տոյոտա Երևան» ընկերության հետ՝ հաշվի առնելով, որ համանուն մակնիշի մեքենաները բավականին որակով են և երկար են ծառայում։ Պետական համակարգում խոսում են, թե փաստացի «Տոյոտայի» հայաստանյան ներկայացուցիչը փրկել է իրավիճակը։ Արդյունքում ընտրությունը կանգնել է պետական միջոցների օգտագործման տեսանկյունից շատ ավելի արդյունավետ տարբերակի վրա։

Սակայն ուշագրավ է որոշ շրջանակների հիստերիան այս թեմայի հետ կապված: Ավելին, տարածվող բամբասանքներն ու ասեկոսեները հիմնականում զավեշտի ժանրից են, որովհետև, օրինակ՝ ամենավառ երևակայությամբ հանդերձ, դժվար է պատկերացնել, որ Քոչարյանների ընտանիքի հետ կապվող որևէ կազմակերպություն հանկարծ գործարքի մեջ մտնի գործող իշխանությունների հետ։ Իսկ թե ինչու են նշյալ շրջանակները այդքան ծանր տանում մեքենաներ ձեռք բերելու այս թեման ու փորձում հիմարություններ տարածել, թերևս խորքային պատճառներ ունի. հնարավոր է, որ սա հենց նրանց գործն է, որ «քաշել են» պետությանը, իսկ հիմա հայտնվել են ծանր վիճակում։ Ավելին, առաջիկայի համար որևէ կերպ նման գործարքների մեջ ներքաշվելու ու լոբբինգի հեռանկար չունեն:

Բացի դրանից, հերթական անգամ ցեխ շպրտելու և սևացնելու առիթն է ընձեռվել։ Թեպետ, եթե անկեղծ լինենք, այս ամենն առանձնապես զարմանալի չէ: Ինչ էլ լինի, միևնույնն է, կան որոշ շրջանակներ, որոնք իրենց նպատակներից ելնելով՝ փորձելու են քաղաքականացնել ու դավադրապաշտական թեզեր նետել տեղեկատվական դաշտ։ Բայց այդ ամենը շատ է նման «մեկ բաժակ ջրի մեջ փոթորիկի», քանի որ մտածելու կարողություն ունեցող յուրաքանչյուր ոք հեշտությամբ կըմբռնի իրականությունը և կհասկանա, թե որտեղից են փչում կողմնակի քամիները։ Եթե, իհարկե, ցանկանա ըմբռնել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica