close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սինանյանը մեկնում է Հունաստան. հանդիպումը հայ համայնքի հետ կտապալվի՞․ 168․am

Քաղաքական

22 Հունիսի 2022, 15:13
 Սինանյանը մեկնում է Հունաստան. հանդիպումը հայ համայնքի հետ կտապալվի՞․ 168․am

168․am-ը գրում է․

«Չնայած Զարեհ Սինանյանի այցերը Սփյուռքի գաղթօջախներ ուղեկցվում են նրա դեմ բողոքի ակցիաներով և անախորժ միջադեպերով, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կարծես ակտիվ այցերի փուլում է. փորձում է Սփյուռքում ՀՀ իշխանությունների համար վստահելի շրջանակներ գտնել, քանի որ Սփյուռքի ավանդական կառույցները մերժում են և չեն ընդունում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը, բողոքի ակցիաներ են իրականացնում նաև Սինանյանի դեմ:

Հունիսի սկզբից Սինանյանը Միացյալ Նահանգներում էր, որտեղ հայաբնակ Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպումը տապալվեց, ԱՄՆ այցին հաջորդեց նրա այցելությունը Ռուսաստան, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Սինանյանը մասնակցել էր Հայ իրավաբանների ասոցիացիայի տարեկան հաշվետու համաժողովին։

 Իսկ այսօր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը կգործուղվեն Հունաստան: Այս մասին տեղեկանում ենք հունիսի 17-ի 702-Ա որոշումից, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

 Նշվում է, որ Սինանյանը և Ավանեսյանը Հունաստան են մեկնում Կիպրոսի Հանրապետության նախագահական հանձնակատարի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու, համագործակցության հարցեր քննարկելու, եռակողմ փոխըմբռնման հուշագիր կնքելու և հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

Հատկանշական է, որ հունիսի 20-ին ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեն մամուլի հաղորդագրություն է տարածել, որից տեղեկանում ենք, որ հունիսի 23-ին Սինանյանը Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերի թեմայով հանդիպում է ունենալու, որի առիթով Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից հավաք է կազմակերպվել Աթենք քաղաքում: ՀՅԴ տեղի կառույցը հայտարարությամբ պատճառաբանում է, թե ինչու չպետք է մասնակցել նման հանդիպման:

Ըստ կառույցի՝ պառակտիչ ու ատելության խոսքերով  Զարեհ Սինանյանի նման ձայները, որ փորձում են կասկածամտություն ու անվստահություն լարել  գաղութների հանդեպ, չպետք է լսելի և հանդուրժելի լինեն։

«Մենք հաստատ ու վճռակամ ենք մեր գաղութի  ներսում համագործակցության ամուր մթնոլորտը պահպանելու գծով, հայապահպանության ուղղված մեր քաղաքականության մեջ, ինչպես և հունահայության իրավունքների ու շահերի պաշտպանության գործին»,- ասված էր հաղորդագրությունում։

Չի հաղորդվում՝ արդյոք լինելո՞ւ են բողոքի ակցիաներ Հունաստանում Սինանյանի այցի դեմ, թե՞ ոչ, սակայն այցին ընդառաջ տարածված հաղորդագրությունում ներառված հորդորը թույլ է տալիս ենթադրել՝ չի բացառվում, որ Սինանյանի հանդիպումը հայ համայնքի հետ տապալվի Լոս Անջելեսի հայ համայնքի հետ նրա հանդիպման օրինակով»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica