Ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում առաջընթաց է գրանցվել. Անկարա
Աշխարհ

Չորեքշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Մոսկվայում ուկրաինական հացահատիկի ծովային արտահանումն ապաշրջափակելու շուրջ. հայտնում է Milliyet-ը։
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հանդիպումն անցել է «կառուցողական և շատ դրական մթնոլորտում», և դրա մասնակիցները հայտարարել են, որ փոխըմբռնման են եկել Ուկրաինայի ու ՄԱԿ-ի մասնակցությամբ քառակողմ բանակցություններ վարելու վերաբերյալ։
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են նաև ուկրաինական արգելափակված նավահանգիստներից բեռնված առևտրային նավերի դուրսբերումը և Բորիսպոլի օդանավակայանից թուրքական ինքնաթիռների անվտանգ վերադարձը։
Ինչ վերաբերում է Կիեւի, Մոսկվայի, Անկարայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների քառակողմ հանդիպմանը, ապա այն պետք է կայանա «առաջիկա շաբաթների ընթացքում»։
Թուրքական կողմը նաեւ նշել է, որ բանակցությունների արդյունքը ռուսական զորքերի կողմից գրավված Մարիուպոլի նավահանգստից առաջին թուրքական նավի՝ «Ազով Կոնկորդ»-ի մեկնումն էր, ինչի մասին արդեն հայտնել են ռուսական լրատվամիջոցները։