close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հակակոռուպցիոն կոմիտեն ընդունել է, որ հունիսի 3-ին ոստիկանները կիրառել են ժամկետանց հատուկ միջոցներ. Թովմասյան

Քաղաքական

23 Հունիսի 2022, 10:44
 Հակակոռուպցիոն կոմիտեն ընդունել է, որ հունիսի 3-ին ոստիկանները կիրառել են ժամկետանց հատուկ միջոցներ. Թովմասյան

Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման կապակցությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին։ Իմ գրության հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա, նաեւ նշել է. «Հունիսի 3-ին Երևանում հավաքին մասնակցած քաղաքացիների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել էին հատուկ միջոցներ, որի արդյունքում տուժել էին մի շարք քաղաքացիներ և ոստիկաններ։ Ընդ որում, ինչպես ավելի վաղ էլ հայտարարել էի, մասնագետների և ականատեսների վկայություններով քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած բեկորային վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է, որը բացարձակ անթույլատրելի է։

Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր։

Գլխավոր դատախազին էի ներկայացրել նաև բոլոր այն մտահոգությունները, որ ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է եղել, քանի որ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել, իսկ դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է։

Գլխավոր դատախազին ուղղված գրությունը վերաբերում էր հանձնարարականի՝ քննության առնելու ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին որոշման իրավաչափությունը, կիրառված հատուկ միջոցների պիտանելիության, ժամկետանց լինելու վերաբերյալ հարցերը և համապատասխան ընթացք տալու։

Եվ ահա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պատասխան գրության մեջ նշված է, որ ստացվել է իմ գրությունն այն մասին, որ 2022 թվականի հունիսի 3-ին ոստիկանության ծառայողներն առանց նախազգուշացման կիրառել են ժամկետն անցած հատուկ միջոցներ, որի հետևանքով տարբեր քաղաքացիներ ստացել են բեկորային վնասվածքներ։ Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և պաշտոնատար անձի /անձանց/ կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և դրա հետևանքով անձանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշվել է բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:

Հ․Գ․ Հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica