ՌԴ ԱԳՆ-ն նշել է Լավրովի` Բաքու այցի հիմնական նպատակը
Աշխարհ

Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձնի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը. այսօր՝ հունիսի 22-ին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացմանը։ Հիշեցնեմ, որ կոչ է արվել ապահովել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասը դարձնել խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի»,- լրագրողների համար ճեպազրույցում ասել է նա։
Ռուսական դիվանագիտության ղեկավարը հունիսի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բաքու։
Սերգեյ Լավրովը հունիսի 9-10-ը այցով եղել է Երևանում, որտեղ հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև մասնակցել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին։