Եվրոպական խորհուրդը Անկարային կոչ է արել հարգել ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
Հասարակություն

Եվրախորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Թուրքիայի վերջին գործողությունների և հայտարարությունների կապակցությամբ եւ կրկին հայտարարել, որ Անկարան պետք է հարգի ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. հայտնում է Cyprus Mail-ը։
Միեւնույն ժամանակ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին ուղղված նամակում նշել է, որ տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ-ին այն մասին, որ հանրապետության կողմից առաջարկվող վստահության միջոցները կարող են ճանապարհ հարթել բանակցությունների վերսկսման համար։
Բորելը Թուրքիային կոչ է արել առաջարկվող միջոցներն ուսումնասիրել ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները բարելավելու ավելի լայն ջանքերի շրջանակներում: Նա հաստատել է այս դիրքորոշումը՝ հայտարարելով, որ կշարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա լուծի Վարոշա քաղաքի հարցը՝ ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան։
Ավելի ուշ Անաստասիադիսը Twitter-ում գրել է, որ Խորհրդին տեղեկացրել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքի և Վարոշայում շարունակվող անօրինական գործողությունների մասին: