Բերձոր քաղաքը և Աղավնո գյուղն առայժմ չեն հանձնվի Ադրբեջանին․ Նաիրի Հոխիկյան
Քաղաքական

Հունիսի 29-ին Բաքվում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱԳ նախարարը, անվտանգության կառույցների ղեկավարներ, Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, ինչպես նաև ՌԴ ՊՆ որոշ պաշտոնյաներ։ Քննարկվել է Լաչինի միջանցքի հարցը և որոշվել է, որ Բերձոր քաղաքն ու Աղավնո գյուղն առայժմ չեն հանձնվի Ադրբեջանին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Ադրբեջանը պահանջ էր դրել, որ այս օրերին իրենց պետք է հանձնվի Լաչինի միջանցքը․ կտիրանան Բերձոր քաղաքին, Աղվանո և Սուս գյուղերին, և հուլիսի 1-ին Բերձորում կբարձրացնեն իրենց դրոշը։ Եվ պատահական չէին վերջին օրերին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունները»,- ասաց նա և իր աղբյուրներից ստացած որոշ մանրամասներ ներկայացրեց Բաքվի հանդիպումից։
Ըստ Հոխիկյանի՝ Թուրքիայի ներկայացուցիչները, ոչ թե՝ Ադրբեջանի, շատ ագրեսիվ ու չոր պահանջել են անմիջապես հանձնել Լաչինի միջանցքը, Բերձորը և հարակից գյուղերը, սակայն կայացված որոշումից հետո ստիպված են եղել ընդունել, որ այդ տարածքը դեռևս կմնա ռուս խաղաղապահների վերահսկողության տակ՝ պայմանով, որ այդտեղ հայեր չպիտի ապրեն։
«Հայերը Բերձորում ապրել են, ապրում են և կապրեն այնքան ժամանակ, քանի դեռ այն մերն է։ Սա փոքր մարտավարական հաղթանակ է, սակայն պիտի սկզբունքային լինենք․ կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ ավելի հաճախ լինել այստեղ»,- ասաց լրագրողը՝ նաև հիշեցնելով, որ այսօր Բերձորում (Լաչին) փոքրիկ համերգ եւ ազգային պարուսուցում են անցկացնելու՝ միավորելով Բերձորի, Աղավնոյի ու, ընդհանրապես, բոլոր հայկական բնակավայրերի մեր հայրենակիցներին։
Մանրամասն՝ տեսանյութում։