Խամենեին Էրդողանին զգուշացրել է, որ դեմ են Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուն
Տարածաշրջան

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին երեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում զգուշացրել է, որ դեմ է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելուն։
«Այդ գաղափարն անպայման կվնասի ինչպես Սիրիային, այնպես էլ Թուրքիային, ինչպես նաև ողջ տարածաշրջանին»,- ըստ ԻՌՆԱ-ի՝ ասել է Խամենեին։
«Սիրիայի հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, և Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան պետք է լուծեն այդ խնդիրը բանակցությունների միջոցով»,- հավելել է նա։
Հուլիսի 2-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մեղադրել է Թուրքիայի ղեկավարությանը «հեռավոր պատրվակով սիրիական տարածք մոտալուտ ներխուժումն արդարացնելու մեջ»: Նրա խոսքով՝ Անկարայի գործողությունները «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև բարիդրացիության սկզբունքների կոպիտ խախտում են»:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են նոր անդրսահմանային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Թել Ռըֆաթում և Մանբիջում, իսկ հետո ռազմական գործողությունները, ըստ նրա, կընդգրկեն Այն ալ Արաբը և Այն Իսան։