close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե նա ինչ-որ չափով պետական խորհրդանիշ է, կարող է երկիրը ծախել, և մենք ոչինչ չե՞նք կարող ասել. ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարված Մասիս Աբրահամյան

Քաղաքական

3 Օգոստոսի 2022, 23:30
 Եթե նա ինչ-որ չափով պետական խորհրդանիշ է, կարող է երկիրը ծախել, և մենք ոչինչ չե՞նք կարող ասել. ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարված Մասիս Աբրահամյան

«Իր կյանքի համար թող վախենա Արսեն Թորոսյանը, մեզ համար կյանքը մեծագույն արժեք չէ, հայրենիքն է մեծագույն արժեք, մեզ համար ուրիշի կյանքն է մեծագույն արժեք»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ Նիդեռլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանը, անդրադառնալով օրերս իր և իր դստեր՝ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի՝ ՀՀ մուտքի արգելքին և ՀՀ իշխանությունների որոշմանը:

Աբրահամյանը նախ հույս հայտնեց, որ Սփյուռքի 3 գործիչներով կսահմանափակվի այս աղետալի իրավիճակը:

«Հուսամ, որ ես, Մուրադը և Սյունեն կլինենք այն միակ երեք սփյուռքահայերը, որոնք չեն կարող մուտք գործել իրենց հայրենիք, բայց վախենամ, որ չսահմանափակվի այս ամենը սրանով: Համոզված եմ, որ այդ սև ցուցակում են նաև իմ որդին և հարսը, որոնք այսօր պատրաստվում էին մեկնել Հայաստան, բայց հրաժարվեցին մեկնելուց, որովհետև վստահ են, որ իրենք էլ սև ցուցակում են, թեև այն խիստ գաղտնի է պահվում և ոչ մեկին չի տրվում տեղեկություն»,- ասաց Աբրահամյանը:

Նա ՀՀ իշխանությունների կողմից իրենց մուտքը հայրենիք արգելելու որոշումը խայտառակություն որակեց՝ ասելով․ «Սա հայ ժողովրդի պատմության մեջ խայտառակ դիպված է, որովհետև հային զրկել Հայաստան մտնելուց փաստը գրվում է պատմության մեջ»։

ՀՀ իշխանությունների այս վերաբերմունքը, նրա խոսքով, պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի՝ մայիս ամսին Նիդեռլանդներ կատարած այցի հետ:

«Մենք, ինչպես ՀՅԴ աշխարհասփյուռ ողջ կառույցը, ՀՅԴ հայաստանյան կառույցը, Հայաստանում ապրող մեծ ծավալի ազգաբնակչությունը մեր դժգոհությունը հայտնեցինք պարոն Փաշինյանի վարած քաղաքականությունից: Այդ դժգոհությունը հայտնեցինք լրիվ ու լրիվ մեր քաղաքացիական իրավունքների սահմաններում՝ կազմակերպեցինք ցույցեր, կազմակերպեցինք գործողություններ և հայտնեցինք, որ համաձայն չենք դավաճանական քաղաքականության հետ և դատապարտում ենք, պահանջում ենք, որպեսզի այդ քաղաքականությունը փոխվի, վերանայման ենթարկվի: Բայց օրենքից դուրս որևէ գործողություն տեղի չի ունեցել»,- ասաց Աբրահամյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Մուրադ Փափազյանի և իրենց դեպքում սա շինծու գործ է, պարզ, միամիտ մարդկանց խաբելու եղանակ է, նպատակը՝ շատ պարզ:

«Ես պատիվ եմ համարում Մուրադ Փափազյանի շարքին, կողքին կանգնել այդ ցուցակում, բայց հիմնականում խնդիրը Նիկոլ Փաշինյանի համար այն է, որ վախի մթնոլորտ առաջացնի սփյուռքահայության մոտ, որ սփյուռքահայությունը որևէ կերպ հանդես չգա նրա դեմ, նրա քաղաքականության դեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա արվում է այն նպատակով, որպեսզի որևէ մեկը հանդես չգա իշխանության նպատակների դեմ:

Անդրադառնալով իշխանության այն պնդումներին, թե Փափազյանը իբրև թե ոտնձգություն է կատարել կամ կազմակերպել պետական խորհրդանիշների ու ՀՀ-ի դեմ, ինչը պարոն Փափազյանը կտրականապես հերքում է, Աբրահամյանն ասաց․

«Ի՞նչ խորհրդանիշի մասին է խոսքը, խորհրդանիշը դրոշն է, օրհներգն է, նրա նկատմամբ պետք է հարգանք լինի, թե չէ այն անձը, որն իրականացնում է պետական պարտավորություններ, պետք է ենթակա լինի քննադատության, ո՞վ է ասել, որ չպետք է քննադատել: Խորհրդանիշը կարող է երկիրը տանել-ծախել, և մենք ոչինչ չե՞նք կարող ասել, որ սխալ է քո վարած քաղաքականությունը:

Եթե մարդը պետության խորհրդանիշ է, պետք է նրան չքննադատե՞լ, թողնել, որ նա ամեն ինչ անի՞»,- զարմանքով ասաց Աբրահամյանը՝ շարունակելով ասել, թե Նիկոլ Փաշինյանն ամբողջն իր ձեռքն է վերցրել, ուստի ի՞նչ միջոց կա այս րոպեին ազդելու Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումների վրա:

Նրա որակմամբ, Փաշինյանը միապետն է, աշխարհի ամենաանարդար միապետերից մեկը, որը որևէ քննադատություն թույլ չի տալիս իր հասցեին:

«Այսինքն՝ թողնենք անի, ինչ ուզում է, քանի որ ինչ-որ չափով նա պետական խորհրդանի՞շ է»,- ասաց նա:

Մասիս Աբրահամյանը նշեց, որ դաշնակցականին վախեցնելն ամենաանշնորհակալ, անարդյունավետ գործն է, ամբողջ աշխարհը 130 տարի շարունակ փորձում է դաշնակցականին վախեցնել ինչ-որ ռեպրեսիաներով:

«Մի՞թե մենք մեր կյանքի համար վախեցող մարդ ենք, իր կյանքի համար թող վախենա Արսեն Թորոսյանը, ո՛չ, մեզ համար կյանքը մեծագույն արժեք չէ, հայրենիքն է մեծագույն, արժեք, մեզ համար ուրիշի կյանքն է մեծագույն արժեք»,- ասաց նա՝ հավելելով, որ թող Թորոսյանը վախենա մահից, իսկ իրենք իրենց զավակներին ուղարկում են պատերազմի, կռվի և ասում են՝ գնա և զոհվի ազգիդ համար:

Թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել՝ հարցին Մասիս Աբրահամյանը պատասխանեց, որ իրենց բոլոր քայլերը լինելու են օրենքի և սահմանադրության, օրինականության շրջանակում:

«Չի կարող լինել օրենքից ու օրինականությունից դուրս քայլ, բայց այն, որ մենք դաժան ենք լինելու մեր հետապնդումներով՝ օրենքն ենք հետապնդելու, մենք գիտենք, որ դավաճանական և մատնիչ ձևով այդ սև ցուցակը կազմվել է, ուստի պայքարելու ենք»,- ասաց նա, թվարկելով այն քայլերը, որոնք պատրաստվում են ձեռնարկել:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica