Ունեմ ոչ թե կալանավորի, այլ` երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակ․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությունը, որը մեկնարկել էր հուլիսի 26-ից:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշում էր կայացրել Չալաբյանին կրկին կալանավորել, այս անգամ՝ 3 ամիս ժամկետով։
«Ձեր որոշման մեջ նշված է, որ յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք և ոչ մեկ չի կարող ազատությունից զրկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով։ Ուստի իմ անձնական ազատությունը, և ընդհանրապես ՀՀ քաղաքացիների անձնական ազատությունը, բարձրագույն արժեք է։ Դուք երկու օր առաջ ինձ անձնական ազատությունից զրկել եք՝ առանց վկայակոչելու որևէ փաստական հիմք։ Այս որոշման մեջ ոչ մի փաստական հիմք չկա, բացի՝ Ձեր սուբյեկտիվ լինելուց»․-իր խոսքում ասաց Ավետիք Չալաբյանը։
Նա հայտարարեց, որ այդ որոշմամբ նա ունի ոչ թե կալանավորի, այլ` երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակ։ Չալաբյանի խոսքով՝ որոշման մեջ վկայակոչված ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներն իմպերատիվ կերպով սահմանում են, որ անձը չի կարող կալանքից ազատվելուց հետո կրկնակի կալանավորվել՝ առանց էական հանգամանքների առկայության, իսկ որոշման մեջ ոչ մի էական հանգամանք վկայակոչված չէ, փոխարենը, դատավորի սուբյեկտիվ մոտեցումն է։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ նշեց, թե պաշտպանը կրկնվում է։